Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ի 10 կոնգրեսականներ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել Ադրբեջանի նավթային ընկերությունից

ԱՄՆ-ի 10 կոնգրեսականներ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել Ադրբեջանի նավթային ընկերությունից
15.05.2015 | 11:50

The Washington Post-ը հրապարակել է Կոնգրեսական էթիկայի գրասենյակի սկանդալային բացահայտումները: Ամերիկացի տասը կոնգրեսականներ և նրանց 32 օգնականներ 2013-ի մայիսին, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հաշվին մեկնել են Բաքու` «Ադրբեջան - ԱՄՆ. Ապագայի տեսլական» համաժողովին մասնակցելու՝ գրում է The Washington Post-ը, վկայակոչելով Ներկայացուցիչների տան գործունեությունն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի` Կոնգրեսական էթիկայի գրասենյակի 70-էջանոց զեկույցը: «ՈՒղևորության ընթացքում կոնգրեսականները և նրանց օգնականները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել՝ ճանապարհածախսի, որպես նվեր մատուցված թեյի արծաթե սպասքների, մետաքսե շարֆերի և ադրբեջանական գորգերի տեսքով»,- գրում է The Washington Post-ը՝ ընդգծելով. «Զեկույցի հեղինակները պնդում են, որ ամենաէժան գորգն արժեցել է 2500, ամենաթանկը` 10 հազար դոլար»: Կոնգրեսականների և նրանց կանանց կամ ամուսինների համար ձեռք բերված ավիատոմսերի ընդհանուր արժեքը գերազանցել է 112 հազար դոլարը:
Հետաքննության ընթացքում Կոնգրեսական էթիկայի գրասենյակի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ բոլոր ծախսերը հոգացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, Թեքսաս նահանգում գրանցված երկու լոբբիստական կառույցների միջոցով: Հիմնական վճարումները իրականացվել են Հյուսթոնում գործող «Ադրբեջանի ամերիկացի բարեկամներ» կազմակերպության` AFAZ-ի միջոցով: «2013-ի մայիսի 13-ին SOCAR-ը ադրբեջանա-ամերիկյան կազմակերպության հաշվեհամարին է փոխանցել 750 հազար դոլար: Դրանից երեք օր անց AFAZ-ն առաջին փոխանցումներն է կատարել կոնգրեսականների ավիատոմսերը գնելու նպատակով»,- գրում է The Washington Post-ը` Կոնգրեսական էթիկայի գրասենյակի զեկույցը մեջբերելով. «Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ու «Ադրբեջանի ամերիկացի բարեկամներ» կազմակերպությունը նվիրաբերություններ են կատարել` կոնգրեսականների ճանապարհածախսի անթույլատրելի փոխհատուցման տեսքով, ինչը Կոնգրեսում գործող կանոնների և դաշնային օրենքների խախտում է»:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ չարաշահումների մեջ կասկածվող օրենսդիրներից չորսը հրաժարվել են խոսել հետաքննողների հետ: Տասը կոնգրեսականներից միայն մեկը` Օկլահոմայից ընտրված հանրապետական Ջիմ Բրանդեսթայնն է ներկայացրել ադրբեջանցիներից ստացած նվերների ցանկը` ընդհանուր առմամբ մոտ 6 հազար դոլար արժողությամբ երկու գորգ: Դրանց դիմաց ամերիկացի օրենսդիրը պատրաստ է վճարել: Իսկ Նյու Մեքսիկոյից ընտրված դեմոկրատ Լույան Գրիշեմը Էթիկայի գրասենյակի աշխատակիցների հետ զրույցում ասել է, թե Բաքվում նվեր ստացած գորգերը պաշտոնապես չի հայտարարագրել, համոզված լինելով, որ արժեքը չի գերազանցում 350 դոլարը: «Ես չէի կարծում, որ դրանք արժեքավոր գորգեր են: Անձամբ ես դա երբեք չէի գնի»,- նշել է կոնգրեսականը:

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ